Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Ամանորյա տոները սթրես են օրգանիզմի համար

Ամանորյա տոները սթրես են օրգանիզմի համար

«Նշանակություն չունի, թե ինչ կպատահի Ձեզ հետ, այլ, թե ինչպես դուք կվերաբերվեք դրան»: Հանս Սելյե

 

Ամանորյա տոներն օրգանիզմի (և հոգու, և մարմնի) համար սթրես են: Ինչպես գլուխ հանել ամանորյա խառնաշփոթից: Հոգեբանները խորհուրդ են տալիս տոներին նախապատրաստվելիս  հումորի զգացումը չկորցնել, խորը շնչել և ամեն ինչին տրամաբանական մոտեցում ցուցաբերել: Չէ որ այդ օրերը չափից ավելի ուտելու, ալկոհոլիզմի և վնասվածքներ ստանալու ամենածանր ժամանակահատվածն  են: Օրգանիզմը մի շարք բարոյական և հոգեբանական ուժեր է ծախսում տոնական միջոցառումների նախապատրաստման, նաև հենց տարեմուտի վրա: Էլ չենք խոսում ՙվերականգնողական՚ շրջանի մասին, որը ձգվում է ամբողջ արձակուրդային օրերի ընթացքում:

 

Բժիշկներն, անկասկած, խորհուրդ են տալիս այդքան անտարբեր չլինել առողջության նկատմամբ, սակայն հարկ է ուրախանալ, ինչպես բոլորը: Միայն մի տարբերությամբ, եթե օժտված լինեք տարրական գիտելիքներով, ապա կօգնեք հոգուն և մարմնին այդպիսի ՙսթրեսային՚ իրավիճակներից ավելի հեշտ  դուրս գալ: Եվ այսպես.

 

Սթրես

 

Եթե դուք կարևոր գործերն անընդհատ թողնում եք վաղվան, ապրումներից, անկասկած, չեք խուսափի: Չէ որ ստույգ գիտեք` նոր տարին կգա, այդ ժամանակ էլ կմտածեք: Սակայն փորձեք ամեն ինչ հնարավորինս նախօրոք կատարել. հարազատների և ընկերների համար նվերներ ձեռք բերել, մեկ ամիս առաջ գրանցվել գեղեցկության սրահում, եթե այդ ծառայություններն անհրաժեշտ են: Չէ որ տոներին մոտ նման ծառայություններից ցանկացողների թիվն ավելանում է և չարժե հույս դնել հաջողության վրա:

 

Երբ արդեն սկսել եք Ամանորի համար անհրաժեշտ իրերի փնտրտուքով վազվզել այս ու այն կողմ, մի պահ կանգ առեք, խորը շունչ քաշեք, արտաշնչեք ու փակեք աչքերը: Երբ դրանք բացեք, ձեզ ավելի լավ կզգաք, ուժերն ու ողջախոհությունն էլ կավելանան:

 

Մեկ րոպե ծիծաղը կյանքը երկարացնում է կես ժամով: Չնայած ժամանակի մշտական անբավարարությանը, հնարավորություն գտեք որևէ գիրք կարդալու, հումորիստական հաղորդումներ դիտելու, ընկերների հետ շփվելու համար:  Հաճելի շփումներն ունակ են լիովին փոխելու ձեր տրամադրությունը: Ծիծաղը գլխացավի և հոգնածության դեմ ամենալավ դեղն է:

 

Տոներին նախապատրաստվելիս ձեր «հոգեկան իմունիտետին» կօգնի յոդ պարունակող մթերքը: Պաղպաղակը գերազանց կերպով հանում է սթրեսը, շոկոլադը բարձրացնում տրամադրությունը: Հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր մարդ, ով իր քաղցրի չափաքանակը չի ստանում, միշտ գրգռված կամ ճնշված տրամադրություն է ունենում: Սակայն հիշեք, որ չափից ավելի շաքարը վնասակար է:

 

Սնունդը

 

Երբ նախատոնական բոլոր  հոգսերն ավարտվել են և արդեն նստել եք սեղանի շուրջ և մտածում եք, որ կարելի է արդեն թուլանալ, առողջ կենսակերպի ճանապարհին ևս մեկ «ծուղակ» է սպասվում:

 

Աշխատեք  ուտելը սկսել թեթև աղցաններից, ընդ որում, բանջարեղենային, որոնք բուսական ձեթով են համեմվել: Օգտակար բջջանյութերը ոչ միայն որոշ ժամանակ կհագեցնեն ախորժակը, այլև կնպաստեն հիմնական սննդի յուրացմանը:  Փորձեք խուսափել աղի, կծու ուտեստներից, որպեսզի այդ մի քանի օրերի ընթացքում ավելորդ կիլոգրամներ չհավաքեք: Նաև չմոռանաք, որ աղն օրգանիզմում պահում է ջուրը, որն էլ կարող է այտուցներ առաջացնել: Չափից ավելի հեղուկ մի ընդունեք, դա կարող է ստամոքսում փքվածություն դրսևորել: Եվ հիշեք. ամանորը տոն է, այլ ոչ թե ուտելու մրցույթ:

 

Սնունդը դանդաղ ծամեք: Իմաստուն չինացիներն ասում են.«Եթե ցանկանում  ես առողջ լինել սնունդը ծամիր 50 անգամ,  եթե ցանկանում ես երկարակյաց լինել` 100 անգամ, իսկ եթե ցանկանում ես անմահ դառնալ, ծամիր 150 անգամ»:

 

Ալկոհոլը

 

Տոնական սեղանի մոտ նստելուց առաջ խմեք սև, թունդ թեյ` կիտրոնով և մեղրով կամ սուրճ: Կիտրոնը չեզոքացնում է ալկոհոլի ազդեցությունը: 

 

Միջոցառումից մի քանի ժամ առաջ որևէ յուղոտ բրդուճ կերեք (օրինակ, հացի վրա կարագ քսած), որպեսզի ստամոքսի լորձաթաղանթի ճարպային թաղանթն արգելակի ալկոհոլի ներծծումը: Սակայն դրանից հետո ոչ մի յուղոտ ուտեստ չուտել: Ալկոհոլից հետո աշխատեք թեթև աղցաններ, բանջարեղեն ուտել:

 

Սպիրտային  խմիչքների ընդունումից հետո արյան մեջ բարձրանում է ացետիլալդեհիդի խտությունը, որն օրգանիզմում հանգեցնում է օքսիդա-վերականգնողական գործընթացների խանգարման, ինչի հետևանքով էլ առաջանում է թունավորում, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում`խումար:

 

Առավոտյան խումարից դուրս գալու համար, հարկ է թեթև սնունդ (ջրալի ճաշ, շիլաներ, թեյ և այլն), նաև ակտիվացված ածուխ ընդունել:

 

Բոլոր դեպքերում ամանորյա տոներն ու արձակուրդներն առջևում են: Աշխատեք այդ ընթացքում  լավ հանգստանալ և առանց առողջությանը վնասելու դիմավորել նոր տարին: Զուգորդեք ձեր ցանկություններն ու օրգանիզմի պահանջները, հաճախ լսեք ինքներդ ձեզ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ